«Սարդարապատ» ՖԱ-ն երկրորդ տարին անընդմեջ հյուրընկալեց «Ատլետիկո Մադրիդի» ճամբարը

Հուլիսի 7-11-ն Արմավիրի քաղաքային ստադիոնում կայացավ «Ատլետիկո Մադրիդի» ակադեմիայի ֆուտբոլային ճամբարը: 

Ճամբարը կազմակերպել էր «Սարդարապատ» ՖԱ-ն: Ակումբը, հավատարիմ մնալով բարձրակարագ եվրոպական ֆոտբոլային կրթությունը Հայաստանի երեխաներին ու պատանիներին հասանելի դարձնելու իր սկզբունքին, արդեն երկրորդ անգամ էր հյուրընկալում իսպանական գրանդի ակադեմիայի մարզիչներին: 


Վերջիններս մեկշաբաթյա հագեցած մարզումներ անցկացրեցին «Ատլետիկոյի» ակադեմիայի մեթոդաբանությամբ՝ ադապտացնելով այն մասնակիցների խաղամակարդակին և փորձին:

«Սարդարապատ» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի խոսքերով՝ «ակումբի հիմնախնդիրներից է Հայաստան բերել միջազգային ստանդարտներին համապատասխան ֆուտբոլային կրթություն, և «Ատլետիկոյի» այս ճամբարը կարևոր քայլ է դեպի այդ նպատակը»:

5-օրյա ճամբարը ոչ միայն ֆուտբոլային տոն պարգևեց շուրջ 70 մասնակիցների, այլև դարձավ նրանց համար միջմշակութային շփման յուրօրինակ փորձառություն. ճամբարին մասնակցում էին երեխաներ ու պատանիներ ոչ միայն Հայաստանից, այլև Արգենտինայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իրանից և աշխարհի այլ երկրներից:

Լավագույն մասնակիցներից մեկն էլ շահեց ուղևորություն դեպի Մադրիդ՝ մասնակցելու «Ատլետիկոյի» ակադեմիայի մեկշաբաթյա մարզումային ծրագրին:  

Իսպանացի մարզիչ Խորխե Գիյոմիան նշում է, որ «ճամբարի ընթացքում ամենաոգեշնչողը երեխաների ոգևորվածությունն էր խաղով և, դրան զուգահեռ, նրանց կողմից «Ատլետիկո Մադրիդի» արժեքները սովորելը: Նման ծրագրերը օգնում են նրանց զարգացնել ոչ միայն ֆուտբոլային, այլև, առհասարակ, մարդկային հատկանիշները»:


«Սարդարապատ» ՖԱ-ն նպատակադրված է շարունակել հետևել իր առաքելությանը՝ կամուրջ հանդիսանալ հայկական ու եվրոպական ֆուտբոլի միջև:

Ավելի վաղ ակումբը հայտարարել էր պրոֆեսիոնալ թիմի ստեղծման մասին, որը գալիք մրցաշրջանում կսկսի իր մրցելույթները Հայաստանի Առաջին խմբում՝ սկսելով հարթել իր ճանապարհը հայկական ակումբային ֆուտբոլում: 

Get involved

Give us a call or fill in the form below and we'll contact you. We endeavor to answer all inquiries within 24 hours on business days.